«ՆԱԻՐԻՏԻ» ՊԱՅԹՅՈՒՆԸ` ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ
Դարերով ապացուցված ճշմարտություն է` այրման ընթացքում նյութը մի վիճակից վերածվում է մեկ այլ վիճակի։ Սակայն անցած շաբաթ «Նաիրիտում» տեղի ունեցած պայթյունն ու հրդեհը կարծես «նոր էջ» են բացում քիմիայի բնագավառում։ ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատուներն ընդգծեցին, որ վթարի արդյունքում վնասակար նյութերի արտանետում տեղի չի ունեցել։ Ինչ խոսք, պատկան կառույցների տեսակետը և մասնագիտական գնահատականն անհրաժեշտ են, սակայն որոշեցինք անկախ մասնագետների կարծիքն էլ լսել։
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ. -Առաջին հերթին ուզում եմ ընդգծել, որ քիմիական արտադրամասերի այդօրինակ պայթյունները ոչ միայն Հայաստանում, այլ երկրներում ևս նորություն չեն։ Այս տեսանկյունից սկզբունքորեն սխալ է նման գործարանի կառուցումը քաղաքում` բնակելի տարածքներին շատ մոտ։ Այդ իսկ պատճառով կարևոր եմ համարում «Նաիրիտի» տեղափոխումը նվազ մարդաբնակ տարածք։ Ինչ վերաբերում է նշված պայթյունի հետևանքով հնարավոր արտանետումներին, ապա այս պահին որևէ կոնկրետ բան ասելը դժվար է, քանի որ տեղեկատվությունը քիչ է և հակասական։ Սկզբում ասվեց, որ քլորոպրենի արտադրամասում պայթել է ացետիլեն գազը։ Այնուհետև, երկու օր անց, արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը նշեց, որ այրվել է նաև քլորոպրենը։ Եթե պայթել է ացետիլեն գազը, ապա արտանետում, իհարկե, կլինի։ Սա` մեկ։ Երկրորդ` իսկ եթե միանում է քլորոպրենը, ապա թերայրման ընթացքում առաջանում է դիոքսին, որը թունավոր նյութ է։ Բացի դրանից, քլորի պարունակությունն այրման ընթացքում առաջացնում է քլոր պարունակող թունավոր նյութեր։ Իհարկե, չեմ կարող այս ամենը բացառել։ Ավելին, համոզված եմ, որ վնասակար նյութերի արտանետում եղել է, ուղղակի խոսքը դրանց չափի մասին է։ Համաձայն եմ նաև ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցչին, որ մթնոլորտի աղտոտվածության չափը (պայթյունի հաջորդ երկու օրերին) նորմայի սահմանում է եղել, բայց ոչ վթարի օրը։ Համենայն դեպս, համաձայն եմ, որ վթարի հետևանքով էկոլոգիական աղետ չկա։
Պատահարի օրը մայրաքաղաքի տարբեր թաղամասերից` Էրեբունի, Շենգավիթ, Կենտրոն համայնքների, Երրորդ մաս («Հայրենիք» կինոթատրոնի հարևանությամբ), Գայդար, Բաղրամյան փողոցի բնակիչներից ստացել եմ ահազանգեր` մթնոլորտում տհաճ հոտի վերաբերյալ։ Իսկ դեպքի հաջորդ օրը հինգ ահազանգ ստացվեց` ալերգիկ դրսևորումների մասին։ Այս մարդիկ, լինելով ալերգիկ, հարկ չեն համարել դիմել բժիշկներին, այլ խնդիրը լուծել են ինքնաբուժմամբ, սակայն որոշել են տեղյակ պահել բնապահպաններին։ Այնպես որ, առողջապահության նախարարության հավաստիացումները (ալերգիկ դրսևորումների մասին վիճակագրության բացակայությունը) սրանով են պայմանավորված։ Մի արտառոց երևույթ նկատելի էր նաև ինձ համար. «Նաիրիտի» վերաբացման օրը դեղին անձրև տեղաց։ Ես այդ տեղումներից նմուշ վերցրի, սակայն, քանի որ հայտարարվեց, որ դա անապատից եկած փոշու արդյունք է, հավաքած նյութը թափեցի, ինչի համար խիստ ափսոսում եմ, քանի որ նման անձրևից բույսերի տերևները չէին այրվի և չորանա, ինչպես որ եղավ։ Գուցե սա զուտ պատահականություն էր, քանի որ նման անձրևները պարբերական բնույթ ունեն։ Այս առումով, կարծում եմ, նշված երևույթն ուսումնասիրության կարիք ունի։
Առանձնակի ուզում եմ ընդգծել գործարանի աշխատակիցների և հրշեջների բարձր պատրաստվածությունը, ինչը հնարավորություն տվեց տեղայնացնել վտանգը։ Սակայն լավ կլիներ հայտարարվեր և արգելվեր հարգելի բնակիչներին` դրսում կանգնած դիտել այդ ամբողջ այրման ընթացքը, ինչը ցանկալի չէ առողջության համար։
Վերադառնալով իմ սկզբնական խոսքին և կարևորելով այս խնդիրը, անհրաժեշտ եմ համարում կա՛մ տեղափոխել գործարանը, կա՛մ էլ, ծայրահեղ դեպքում, շրջակա տարածքն իր շառավղով մեկ ազատել բնակիչներից և ստեղծել հզոր պաշտպանիչ անտառածածկ շերտ։
Հայաստանի կանաչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ.
-Հայտարարվեց, որ քլորոպրենի արտադրամասում վթար է եղել, բայց մինչ այժմ հստակ չի ասվել` ինչ ծավալի, և ինչ նյութեր են այրվել։ Խոսում են, որ տոլուոլ է այրվել։ Սակայն քլորոպրեն է, թե դրա համար ելանյութ հանդիսացող մոնովինիլացետիլեն, պարզ չէ։ Մեծագույն բարեբախտություն է, որ գործարանի և հրշեջ ծառայության աշխատակիցները կարողացան կարճ ժամանակահատվածում մեկուսացնել վտանգը։
Եթե այրվել է միայն մոնովինիլացետիլեն կամ տոլուոլ, ապա մոնովինիլացետիլենն ունի նարկոտիկ ազդեցություն, իսկ տոլուոլը` քաղցկեղածին հատկություն։ Իհարկե, կիսում եմ այն տեսակետը, թե օրգանական նյութերի այրվելուց առաջանում են հիմնականում ջուր և ածխաթթու գազ։ Այս դեպքում արդյոք պե՞տք էր, որ բնապահպանության նախարարությունը հայտարարեր, թե ջուրը մարդու համար վտանգավոր չէ։ Կարծում եմ` նրանք պետք է ասեին հետևյալը. քանի որ այրումը հատուկ վառարաններում չի կատարվել, ապա այն տարերային բնույթ է ունեցել։ Եվ եթե անգամ այդ նյութերն այրվեին նշված վառարաններում, միևնույն է, թունավոր նյութերի առաջացումը և որոշ քանակի թերայրումն անխուսափելի էին։ Եթե հետևել եք, ապա նկատած կլինեք այրման ընթացքում ծխի գույնը` այն գորշ էր, իսկ դա նշանակում է, որ այրվում է կա՛մ տոլուոլ, կա՛մ դրան մոտ միացություն, քանի որ առանց լրացուցիչ թթվածնի և այլ նյութերի այդ նյութերը դժվարությամբ են այրվում։ Պարզ չէ նաև, թե ուր գնացին առաջացած ածխագազերը, եթե դրանք «բաժին չհասան» քաղաքացիներին։ Բացի այդ, արտադրամասի աշտարակն ու մնացած կառույցները երեսպատված են ներկերով, իրենց մեջ պարունակում են տարբեր թունավոր նյութեր։ Իսկ եթե այրվել են թունավոր նյութեր, ապա պետք է խոսել դրանց կենսաբանական հատկությունների մասին։ ՈՒսումնասիրված և ապացուցված է, որ քլորոպրենը, լինելով թմրանյութ, ազդում է մարդկանց էնդոկրին, սրտանոթային, շնչառական և այլ համակարգերի վրա։ Քլորոպրենի ամենավտանգավոր հատկանիշներից պետք է առանձնացնել սաղմնաթունավոր և հրեշածին էֆեկտները։ Եթե քլորոպրեն է այրվել, ապա կարելի է սպասել դիոքսինների արտանետմանը մթնոլորտ։ Ինչպես գործարանի հնարավոր պայթյունը, այնպես էլ արտանետումների խնդիրը կարևորելով, դեռևս խորհրդային ժամանակներում մտադրություն կար փակել «Նաիրիտը»։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հ. Գ. -Հիշեցնենք, որ «Նաիրիտի» փակումը ոչ հեռու անցյալում ոչ մի լավ բան չտվեց Հայաստանին։ ՈՒղղակի ջուր լցրեց ոմանց ջրաղացին, այդ թվում նաև` միջազգային կազմակերպությունների, որոնք համոզված էին, թե Հայաստանը չպետք է լինի արդյունաբերական երկիր։